ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների զրույցից հետո Հայաստանն ու Ադրբեջանը միջոցներ են ձեռնարկել սահմանին իրավիճակի կայունացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ТАСС-ը։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի, ադրբեջանական և հայկական կողմերի նախաձեռնությամբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած հեռախոսազրույցների արդյունքում միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Ներկայում Սիսիանի շրջանում մարտերը դադարեցվել են, իրավիճակը կարգավորվել է և վերահսկվում է», — գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18:30-ից ՀՀ սահմանի արևելյան հատվածում կրակը դադարեցվել է, իրավիճակը համեմատաբար կայունացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







