Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատված չկա և չի քննարկվում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցին։
Նա հայտնեց, որ շարունակվում են եռակողմ հանձնախմբի աշխատանքները՝ հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում, և այդ շրջանակներից դուրս չեն գալիս։
«Երկաթգծային հաղորդակցության հարց քննարկվում է՝ հարավային ուղղությամբ։ Ճանապարհների հարց չի քննարկվում, քանի որ այնտեղ ճանապարհ չի եղել։ Ես կարծում եմ, որ հստակ է, որ խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը դասական իմաստով, այսինքն՝ տարածաշրջանային բոլոր երկրներին հնարավորություն տալ օգտվել գործող ենթակառուցվածքներից»,- հայտարարեց նա։
Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին դեռ ընդհանուր ընկալում չկա, թե ինչ ավտոճանապարհային ցանց է գործելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







