«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թեւերը` մարզպետի եւ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։ Անգամ ասում են` Խաչատրյանին ապտակել են: Իսկ նրանց միջեւ սեւ կատու է անցել, քանի որ տեղացիները` մարզպետի գլխավորությամբ, ցանկացել են առաջադրել փոխմարզպետ Կարո Ավանեսյանին, սակայն հաղթել է Խաչատրյանը եւ իր մտերիմ, երբեմնի ՀՀԿ-ական Վլադիմիր Աբունցին է առաջադրել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ին լրացավ մեկ ամիս, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց Հատուկ քննչական ծառայության կողմից եւ գտնվում է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ինչպե՞ս զարգացան իրադարձությունները: «Ժողովուրդ» օրթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հանգամանքներից ելնելով Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկերները որոշեցին դուրս գալ նրա դեմ, եւ ինչ ուշագրավ փաստաթուղթ կա Հատուկ քննչական ծառայությունում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Չար լեզուներն ասուն են, որ իշխանությունը անցել է իսկական տեռորի: Ուրբաթ առավոտվանից տեսչական մարմինների աշխատակիցները, երեք-չորս ոստիկանների ուղեկցությամբ, մտնում են գրասենյակներ եւ ամենաաննշան առիթը օգտագործում՝ մարդկանց տուգանելու համար: Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ: Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիները փաստում են, որ զուտ ոստիկանների ներկայությունը արդեն իսկ ավելորդ խուճապի առիթ է տալիս»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետերի պաշտոնակատարներ են նշանակվել: Ջերմուկ քաղաքի ղեկավարի պարտականությունները Վահագն Արսենյանը կկատարի: Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հանուն իր իշխանությունն ամրապնդելու, շարունակում է ուռճացնել պետական ապարատը։ Նրա որոշմամբ ձեւավորվել է բնակարանային հարցերի կոմիտե, որը զբաղվելու է զոհված (մահացած) եւ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների եւ անօթեւան մնացած անձանց բնակարանային հարցերով։ Սրանով մինչ այս զբաղվում էր սոցիալական ապահովության եւ միգրացիայի նախարարությունը, եւ առանձին կոմիտեի կարիք չէր զգացվում, սակայն նախագահականը պատերազմից հետո դարձել է «զբաղվածության կոմիտե», եւ գլխավոր գործը հնարավորինս շատ մարդկանց աշխատանքի տեղավորելն ու յուրային դարձնելն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, հայտնեցինք, որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել են մի շարք համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց թվում էր նաեւ Ալբերտ Մարգարյանը, որը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Ալբերտ Մարգարյանը Շիրակի գործող մարզպետ, Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածու Հովհաննես Հարությունյանի մտերիմն է եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակվելուց հաշված ժամեր անց քաղաքապետարանում լծվել է ակտիվ քարոզարշավի՝ բնականաբար ի օգուտ Հովհաննես Հարությունյանի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







