«Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Նախևառաջ, Հայաստանի համապետական ընտրությունների զեկույցն ընդգծում է Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված գործընթացների ամրապնդումը: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որը հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ ստացավ ԵԽԽՎ պատվիրակների ձայների մեծամասնությունը:
Սա նաև նախորդ գումարման ԱԺ ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամների ակտիվ գործունեության արդյունքն էր: Որպես հայաստանյան պատվիրակության մշտական նոր անդամ կարող եմ փաստել, որ միջազգային կառույցներում շարունակական աշխատանք է պահանջվում։ Հատկապես ստեղծված իրավիճակում խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում:
Տեղեկացնեմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդգրկված եմ երկու հանձնաժողովում՝ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների», ինչպես նաև «Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում»:
Կփորձեմ գիտելիքներս և հմտություններս լավագույնս ծառայեցնել ի նպաստ մեր երկրի»,-հայտնել է պատգամավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







