Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոք է հայտնել դիվանագիտական խողովակներով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այս քայլով Բաքուն արձագանքել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպման օգտագործմանը Ռուսաստանի գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարիքների համար գնումների մասին տեղեկատվության մեջ:
«Հարկ է նշել, որ այդ հարցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհապաղ բողոք է հայտնել ռուսական կողմին դիվանագիտական խողովակներով։ Հակառակ կողմին տեղեկություն է փոխանցվել, որ նման սխալ տեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության ոգուն», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Նրա խոսքով՝ «հակառակ կողմն իր հերթին նշել է, որ դա տեխնիկական սխալ է, և ընդգծել է, որ կձեռնարկվեն համապատասխան քայլեր այն վերացնելու համար, ինչպես նաև այն, որ նման հարցերին ապագայում ուշադիր կվերաբերվեն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







