Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:24

ՄԻՊ․ Բժշկական օգնության և սպասարկման կոպիտ խախտումներ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին։ Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են ստանում ու նույնիսկ կան դեպքեր, երբ տեղյակ են, թե ինչ դեղաչափեր են ցուցված։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվում է նաև «Մեթադոնային փոխարինող բուժման» կազմակերպումը: Երեկոյան ժամերին ազատությունից զրկված անձանց հոգեմետ դեղորայքը տրամադրվում է անվտանգության աշխատակիցների ներկայությամբ:

Մտահոգիչ խնդիրներից է այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բաժանմունքներ ազատությունից զրկված անձանց ընդունումն ու մասնաշենքերում տեղաբաշխումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի անվտանգության համար պատասխանատու ծառայողների ցուցումով՝ հիմնականում հիմք ընդունելով անվտանգության հարցերը: Այդ պատճառով մեծ թվով պացիենտներ պահվում են իրենց հաշվառվման բաժանմունքներից դուրս:

Այս պարագայում դժվարություն է առաջանում ինչպես բուժող բժշկի և բուժանձնակազմի կողմից պացիենտի նկատմամբ արդյունավետ բժշկական հսկողության կազմակերպման, այնպես էլ դեղորայքային բուժման և բժշկական այլ միջամտությունների իրականացման տեսանկյունից: Օրինակ՝ թերապևտիկ բաժանմունքում հաշվառված պացիենտներից զատ՝ այդ բաժանմունքում պահվում են նաև հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ազատությունից զրկված անձինք:

Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց Դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել:

ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ՝ օրվա հերթապահ պատասխանատուի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը:

Բժշկական զննությունն իրականացվում է նաև խմբային ձևաչափով՝ միաժամանակ իրականացվելով ազատությունից զրկված մի քանի անձանց նկատմամբ:

Կան դեպքեր, երբ ազատությունից զրկվածներին նախնական բժշկական զննության է ենթարկում ոչ թե բուժանձնակազմը, այլ խուզարկության ժամանակ քրեակատարողական ծառայողներն են հարցնում՝ արդյոք ունեն վնասվածք կամ գանգատ, թե՝ ոչ:

Ազատությունից զրկված անձանց բուժումն և առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության: Այսինքն՝ նրանք առանց իրազեկված համաձայնության ստանում են բուժում, ենթարկվում բժշկական հետազոտությունների և այլ միջամտությունների. բացառություն են կազմում միայն ՄԻԱՎ վարակակիր ազատությունից զրկվածները և հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ստացիոնար բուժում ստացողները:

Լուրջ խնդիր է ազատությունից զրկված անձանց մոտ հայտնաբերված վնասվածքների նկարագրությունը, որ իրականացվում է թերություններով: Օրինակ՝ համապատասխան մատյանի «մարմնական վնասվածների առկայություն» սյունակը հիմնականում լրացվում է մեկ բառով՝ «կա» կամ «չկա», բայց կան նաև դեպքեր, երբ բժշկական զննության արդյունքներ ընդհանրապես առկա չեն:

Սրանից բացի, երբ ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է վնասվածք, այն չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկեր. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ:

Դիտարկվել են դեպքեր, երբ արձանագրություններում բացակայել է բժշկի եզրակացությունը վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և դրա մասին ազատությունից զրկված անձի հայտարարության համադրության վերաբերյալ:

Կոպիտ խախտումներ են արձանագրվել բժշկական փաստաթղթերի վարման հարցում:

Հիվանդության պատմագրում բացակայել են դեղորայքային բուժման նշանակման հիմնավորումները և առողջական վիճակի դինամիկայի նկարագրությունները, առկա են բազմաթիվ ջնջումներ ու բացթողումներ:

Գոյություն չունեն բժշկական փաստաթղթերի պահման և արխիվացման ընթացակարգեր:

Դիտարկված բաժանմունքներում դուրս գրված պացիենտների հիվանդության պատմագրերը պահվում են հենց բաժանմունքներում՝ տարբեր պահարաններում կամ հատակին:

Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր:

Լուրջ խնդիրներ են առկա՝ կապված բժշկական թափոնների հետ, որոնք թափվում են կենցաղային աղբի հետ, ինչն անթույլատրելի է:

Կոպիտ խախտումներով են կիրառվում զսպման միջոցները, որին առավել մանրամասն անդրադարձ կլինի առանձին:

Նկարագրվածը բժշկական օգնությանը վերաբերող խնդիրների փոքր մասն է:

Հիմնական մասը Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով:

Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են:

Անթույլատրելի վիճակ է, անտեսված խնդիրներ են: Այս բոլոր գնահատականների հիմքում կոնկրետ փաստեր են:

Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ արձանագրված խնդիրների լուծման հարցում»,-նշվում է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+