Թուրքիայում կործանված Be-200 հրշեջ ինքնաթիռի անձնակազմի ռուսաստանցի զինծառայողները հետմահու կպարգեւատրվեն, տեղեկացնում է «РИА новости»-ն:
Նման հրաման է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախագահը խորին ցավակցություն է հայտնել օդանավում գտնված ռուսաստանցի զինվորականների և Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին և մտերիմներին:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Be-200 ինքնաթիռը կործանվել է ժամը 15: 00-ի սահմաններում ՝ վայրէջք կատարելով Ադանա բնակավայրի տարածքում՝ բնական հրդեհը մարելուց հետո:
Ինքնաթիռում եղել են 5 ռուսաստանցի զինծառայող և Թուրքիայի 3 ներկայացուցիչ, ովքեր հրդեհների օջախներն են ցույց տվել անձնակազմին: Նրանցից ոչ մեկը ողջ չի մնացել:
Ողբերգության պատճառները կպարզեն դեպքի վայր մեկնած ՌԴ ՊՆ հանձնաժողովի անդամները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում ռուսերենով ցավակցություն է հայտնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







