Երեկվա բանակցություններն արդյունավետ են ավարտվել, ՊՆ-ն շուտով տեղեկատվություն կտրամադրի։ Այս մասին Գորիսում «Ազատություն» ռադիոկայանին և Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Սակայն, պետք է ասեմ, որ բանակցությունները շարունակելի են, դեռևս խնդիրներ կան, և դրանց լուծման ուղղությամբ ևս բանակցություններն ընթացքի մեջ են։ Բանակցությունները չեն ավարտվել, սակայն, իմ տեղեկություններով, այսօր չեն շարունակվի»,- նշեց իշխանական պատգամավորը։
Նա կոչ արեց բոլորին բանակցությունների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները չհրապարակել, եթե, անգամ վստահ են, որ դրանք ստույգ են։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և տեղակայվել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն Անվտագության խորհրդի նիստից հետո տեղեկացրել է՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






