Մենք բանակն այսօրվա նոր ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխանեցնելու խնդիր ունենք, որի համատեքստում անդրադարձ կլինի նաև բուհերին։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ այս հարցում աշխատում են երկու ուղղությամբ, որոնցից մեկը կադրային փոփոխություններն են։
«Բանն այն է, որ պրոֆեսորադասախոսական կազմը, որը գտնվում է այնտեղ, ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, չունի մարտական փորձ և չի անցել զորային օղակը։ Մենք նրանց կուղարկենք զորք»,- նշեց նա։
Հարությունյանի խոսքով՝ երկրորդ ուղղությունը իրականացվելիք ծրագրերն են։
«Նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք։ Ձեռքբերելուց հետո այդ զինատեսակները պետք է ներդնենք ռազմական բուհերի համակարգում, որպեսզի մեր սաները սովորեն օգտվել ժամանակակից զենքից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Վաղարշակ Հարությունյանը հայտնեց, որ ՌԴ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն։
«Իրենք ասել են՝ ինչքան պահանջարկ ունեք, պատրաստ ենք ընդունել։ Բացի այդ, մեր հրամկազմը պրակտիկա կանցնի տարբեր պետությունների զորամասերում», — մանրամասնեց Վաղարշակ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







