Ադրբեջանի իշխանություններն աշխարհում փորձում են կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է, հակամարտությունն ավարտված է, սահմանների հետ կապված որևէ խնդիր չկա և գնում են դեպի խաղաղություն։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Դրանով նրանք խաղաղության համար միակողմանի պատասխանատվությունը թողնում են մեզ վրա և իրենց կեղծ խաղաղասիրությամբ` շղարշ ապահովելով միջազգային հանրության համար, ծածկում են իրենց խախտումները»,- ասաց նա և ընդգծեց։
ՄԻՊ-ը հավաստիացրեց, որ անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ծածկել այդ խախտումները:
Թաթոյանը շեշտեց, որ ոչ միայն պետք է երաշխավորել մեր սահմանային տարածքների բնակիչների կյանքի իրավունքը, առողջության և այլ իրավունքներ, այլ նաև վերականգնել կոպտորեն խախտված սոցիալ-տնտեսական բնույթի իրավունքները՝ հողեր մշակելու, արոտավայրերից օգտվելու և այլ իրավունքները:
Իսկ սրանք կյանքի կոչելու համար, ըստ ՄԻՊ-ի, ադրբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի բնակիչների բնականոն կյանքը։
Նա նաև նշեց, որ Կապանից դեպի Ճակատեն, Սրաշեն և այլ հարակից համայնքների բնակիչներն ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով երեկոյան ժամերին խուսափում են երթևեկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







