Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ կանչվել են հարցաքննության։ Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարել է այսօր Դատախազության շենքի դիմաց բողոքի ցույց իրականացնելու մասին։
Փաստաբան Բենիկ Գալստյանը ՀՅԴ ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանին, Արծվիկ Մինասյանին, Գեղամ Մանուկյանին, Տարոն Տոնոյանին և Գերասիմ Վարդանյանին հարցաքննության կանչելու հանգամանքը կապել էր Դատախազության մոտ բողոքի ցույց իրականացնելու հայտարարության հետ։ Ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանը փաստեր էր ներկայացրել՝ հորդորելով, իր խոսքերով, փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել։ Նա նշել էր, որ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել սկսած դեռևս ապրիլի 27-ից։
Հարցաքննությունից առաջ ՀՅԴ ներկայացուցիչները մի շարք մանրամասներ հայտնեցին։
«Այսօր Գոռ Աբրահամյանը պարզաբանում է տվել՝ կապված փաստաբանի հայտարարության հետ։ նա նշել էր, թե իբրև Իշխան Սաղթելյանը և Տարոն Տոնոյանը չեն կանչվել հարցաքննության։ Դա մանիպուլյացիա է, ինչի մասին նաև Գոռին եմ գրել։ Իշխան Սաղաթելյանն այսօր մեկ այլ գործով կանչվել է հարցաքննության ՀՔԾ, իսկ Տարոն Տոնոյանը՝ Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նա կհարցաքննվի մեկ այլ գործով՝ ժամը 16։30-ին։ Գեղարքունիքի մարզում էլ Իշխան Սաղաթելյանի զարմիկն ու եղբայրն են կանչվել հարցաքննության»,-ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն էլ հավելեց․ «Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է։ Քաղաքական հետապնդումը կազմակերպված ձևով շարունակվում է։ Ինձ ծանուցումը մեկ օր շուտ են տվել, բայց դա ոչ մի ձևով հարցի էությունը չի փոխում»։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ օգտվելու է իր սահմանադրական իրավունքից և հարցաքննությանը ոչինչ չի խոսելու։
Նշենք, որ այս պահին ՀՅԴ ներկայացուցիչները Երևան քաղաքի քննչական վարչությունում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







