Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) արձագանքլ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«ANCA- ն ակնկալում է համագործակցել Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի այս հայտարարությունը վերածվի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հիմնարար սկզբունքի, որն իր հերթին կարևոր կլինի Արցախի գոյատևման, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային արդարացի և կայուն խաղաղության տեսանկյունից»,-ասել է ANCA- ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
Հայտարարության մեջ նշվել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հատկապես կարևոր է անցած աշնանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անհերքելի ցեղասպան հարձակումներից հետո, ինչը տարածաշրջանային հումանիտար աղետի հանգեցրեց: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբում շեշտել են հայ ռազմագերիների խնդրի մասին, նշելով նաև Իլհամ Ալիևի սպառնալիքների մասին՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համատեքստում:
«Նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ին շրջում է դեպի Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության հետևողական քաղաքականություն: Այս հանցագործության համաշխարհային դատապարտման հետ մեկտեղ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեկուսացնում է Թուրքիային և խարխլում նրա ժխտողական քաղաքականությունը», — ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







