ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ, տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ընդդիմության ուժերի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն բերման ենթարկված Սյունիքի բնակիչներին: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հայաստանի գլխավոր դատախազության շենք, որտեղ ներկայացրեցին իրենց պահանջները:
Ակցիայի մասնակիցների կողմից ներկայացված վերջնագրի ժամկետի ավարտից հետո դատախազության ներկայացուցիչները դուրս չեկան ցուցարարների մոտ, վերջիններս սկսեցին ձվեր նետել ԳԴ շենքի վրա: Բախում սկսվեց ոստիկանության և ցուցարարների միջեւ: Արդյունքում բերման ենթարկվեց 17 մարդ, ապա ազատ արձակվեց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







