«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեւան այցից հետո Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել։ Նախապես պլանավորել էին, թե հաջորդաբար որ մարզերն են գնալու, բայց այցերն ու հանդիպումները որոշել են առայժմ առկախել, մինչեւ հստակեցվի, թե որ ուժն ինչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին։ Եթե ՀՓՇ մաս կազմող ուժերը մեծ դաշինքով չեն մասնակցելու, իսկ դա ամենահավանական տարբերակն է, ապա յուրաքանչյուր ուժ իր օրակարգով պետք է քարոզչություն իրականացնի, եւ մարզեր էլ կգնան անջատ-անջատ կամ այն ֆորմատներով, որով գնալու են ընտրությունների։ Գրեթե հստակ է, որ Քոչարյանը ՀՅԴ-ի եւ Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստանի» հետ է մասնակցելու ընտրություններին, իսկ Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու նոր մեղադրանք առաջադրելու հրահանգը չկատարելու պատճառով։ Այս լուրը լսելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գերլարված իրավիճակ է։ Տեղեկացանք, որ նախօրեին մեծ վեճ է եղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՔԾ քննիչ Բորյա Չիլինգարյանի միջեւ։ ՀՔԾ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատրյանը մարտի վերջին Չիլինգարյանին հրահանգել էր մեղադրանք առաջադրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին եւ նրան կալանավորելու միջնորդության հիմքեր գտնել։ Չիլինգարյանը հրաժարվել էր կատարել հրահանգը՝ ասելով, որ հիմքեր չկան, եւ ինքը չի պատրաստվում ապօրինություն կատարել։
Սասուն Խաչատրյանը նրան ժամանակ էր տվել՝ սպառնալով հեռացնել համակարգից։ Երեկ քննիչին տրված ժամանակի լրանալու կապակցությամբ կորոնավիրուսով մեկուսացած Սասուն Խաչատրյանը զանգել է Չիլինգարյանին՝ պարզելու, թե արդյոք իր հանձնարարականը կատարվել է, սակայն Չիլինգարյանը կրկնել է, որ չի պատրաստում ապօրինություններ անել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Չիլինգարյանն իր մերձավոր շրջապատում ասել է, որ առաջիկայում, սեփական դիմումի համաձայն, ազատվելու է աշխատանքից՝ վերադառնալով փաստաբանի մասնագիտությանը։ Առաջիկայում ազատման դիմումներ են գրելու նաեւ այլ հնչեղ գործերով քննիչներ, որոնց նախընտրական շրջանում ստիպում են նոր քրեական գործեր հարուցել Փաշինյանի ընդդիմախոսների դեմ։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ լուրջ տարաձայնություններ են առաջացել «Մարտի 1»-ի գործով քննիչ Հրաչ Մուշեղյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջեւ։ Մուշեղյանը պահանջել էր Խաչատրյանին իրեն տրվող բոլոր հանձնարարականներն այսուհետ տալ գրավոր եղանակով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին՝ երեքշաբթի, Սահմանադրական դատարանը կքննարկի Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը։ Հիշեցնենք, որ մի խումբ պատգամավորներ այդ հարցով դիմել էին ՍԴ։ Իսկ Զոհրաբյանը, խոսելով իրեն ազատելու վերաբերյալ «Իմ քայլի» նախագծից, ասել էր, որ այն իրավաչափ չէ, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրեւ էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն տալու լիազորությունը վերապահված է ոչ թե որեւէ խմբակցության, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին։ Եթե ՍԴ-ն հօգուտ Զոհրաբյանի որոշում կայացնի, ապա նա կվերանշանակվի իր պաշտոնում, որից ազատեցին անցած տարեվերջին՝ «ժեխ» արտահայտությունը գործածելու համար։
Հիշեցնենք նաեւ, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը դեռ թափուր է՝ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկել, «Իմ քայլն» էլ ձեռնպահ է մնացել նախագահ նշանակելուց»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







