Մեր սերունդներին թողնել լավ բուհեր. սա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերագույն ցանկությունն է։ Իր աշխատանքային 100 օրն ամփոփելիս վստահեցրեց նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով երևանյան բուհերի շենքերը վաճառաելու և «ակադեմիական» քաղաք կառուցելու գաղափարին։
Նա նշեց, որ իրենց առաջ միայն խնդիր է դրված զարգացնել գիտությունն ու կրթությունը։
«Բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում, անհոգ եղեք։ Խնդիրը շենքը չէ, խնդիրը նոր շենքն է, նոր քաղաքն է, խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանությունն է։ Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում ժամանակակից բարձրագույն կրթություն ապահովել։ Բուհեր կան, որտեղ բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները, լսարանները տեխնիկապես հագեցած չեն ժամանակակից սեմինարներ կազմակերպելու համար։ Չունեն նաև հանրակացարաններ, սպորտային համալիրներ, սննդի կազմակերպման խնդիրներ էլ ունեն»,- մատնանշեց նախարարը։
Վահրամ Դումանյանի խոսքով՝ «ակադեմիական» քաղաք ունենալու առայժմ միայն ցանկություն և հաստատուն կամք կա։ Նրա պնդմամբ՝ Երևանի պետական համալսարանի շենքը վաճառելու որոշում չկա։ Նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց՝ եթե հակառակն ապացուցեն, հենց հիմա տուն կգնա։
«Հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու։ Անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ, նման որոշում գոյություն չունի։ Առավել ևս, չունի և չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառեն Երևանի պետական համալսարանի շենքը։ Պնդում եմ՝ հանգի՛ստ եղեք, ժողովուրդ ջան։ ԵՊՀ շենքն արդեն ֆեյսբուքյան ստեղծարարները դարձրել են գիշերային չգիտեմ ինչ, ցերեկային առևտրի սրահ։ Անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը, ժողովրդին, սերունդներին», — հայտարարեց նախարարը և հավելեց՝ եթե բոլոր բուհական շենքերն էլ վաճառեն՝ գումարը չի բավարարելու «ակադեմիական» քաղաք կառուցելու համար։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երևանյան բուհերի շենքերը վաճառելու և «ակադեմիական» քաղաք կառուցելու գաղափար ունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







