Թուրքիայի հետ կապված քաղաքականության որևէ ընդգծված գիծ չկա: Մենք ոչ ադեկվատ, հայ ժողովրդի ազգային շահերը չսպասարկող տարբեր հայտարարություններ ենք լսում։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների մի շարք հայտարարություններին։ Հիշեցնենք, որ բուռն քննադատության էր արժանացել հատկապես Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։ Նա նշել էր, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի հանդեպ Երևանի մոտեցումներում։
«Ինքս դեմ եմ պատերազմներին, թշնամանքին, բայց ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։ Գաղտնիք չէ, որ 2008-2009 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց նախաձեռնվեց, բայց Թուրքիան ոչ միայն կարգավորման չգնաց, այլ շարունակեց Հայաստանին վիրավորելու, Հայաստանին նվաստացնելու և Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարելու իր երկար տարիների ուղեգիծը։ Այսինքն՝ այստեղ խնդիրը հայերին թուրքերի հետ հաշտեցնելը չէ, խնդիրը թուրքերն ու ադրբեջանցիներն են։ Ասում են՝ թշմանամքը պետք է վերացվի, որ հարաբերությունները կարգավորվեն։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մեր պատմության ամբողջ ընթացքում թշնամանք չի եղել, սակայն եղել են կոտորածներ։ Կարող եմ հերթով հիշեցնել։ Սումգաիթո՞ւմ էին հայերը թշնամաբար վերաբերում թուրքերին, թե՞ Բաքվում, թե՞ 1915-ին, երբ իրենց համար ապրում էին։ Եթե նույնիսկ խաղաղություն սերմանելու ցանկություն կա, թող Ադրբեջանից ու Թուրքիայից սկսեն»,-ասաց թուրքագետը։
Նրա խոսքով, հիմա ՀՀ իշխանությունների մեկնաբանությունները մարդկանց ուղեղի մեջ չեն տեղավորվում․ «Մեզ թուրքերի հետ հաշտեցնելու կարիք չկա, մենք նման խնդիր չունենք, խնդիրն իրենք են։Մեր գերիները դեռ իրենց մոտ են, անմարդկային խոշտանգումների են ենթարկվում, ո՞ւմ նկատմամբ եք ուզում բարեկամություն սերմանել, ո՞ւմ մոտ եք ուզում թշնամանք վերացնել»։
Թուրքագետը հիշեցրեց՝ դեռ 2018-2019 թթ․ Թուրքիան փորձեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իմիտացիա ստեղծել, որ այլ պետություններում արգելակի Ցեղասպանության ճանաչման գործընթացը։
«Կարելի է ասել՝ իրենց ինչ-որ չափով դա հաջողվեց և մենք գործիք դարձանք այդ ճանապարհին։ Հիմա նույն գործընթացն այս պահին է, բայց պետք չէ նման իլյուզիաների մեջ ընկնել։ Հարաբերությունների կարգավորումը պետք է երկկողմանի լինի և համահունչ լինի իրավիճակին։ Միևնույն ժամանակ հաշվի առնենք, որ հայ հասարակությունը բարոյահոգեբանական տրավմայի մեջ է։ Բոլոր նորմալ ադեկվատ մարդկանց մասին է խոսքը։ Մինչդեռ, ցավոք, վարչապետի կողմնակիցների մեջ այդ տրավման ես չեմ տեսնում։ Դեռ գերիները Բաքվում են, մարդիկ իրենց հարազատների մարմինները չեն գտել։ Հատկապես այս իրավիճակում բարեկամության մասին խոսելը ժամանակավրեպ է․ սխալ ճանապարհ է ընտրված»,-ասաց նա՝ շեշտելով, որ մեծ հաշվով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ևս քաոս է։
«Որևէ հստակ գիծ չկա։ Ամեն ինչ քաոս է։ Իսկ անորոշությունն ուղղակի բզկտում է հասարակության ադեկվատ հատվածին»,-հավելեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







