ՀՀ երրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ այսօր ներկայացվեց միջնորդություն՝ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին։
Գույքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ ժամը 13։00-ին, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։
Հիշեցնենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանը Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրեց։ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով։
Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







