ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է ուզում։
Ըստ նրա՝ ԼՀԿ-ն կարծում է, որ ընտրություններ պետք չէ անել ու գտնելու է բազմաթիվ պատճառներ արտահերթ ընտրություններից խուսափելու համար՝ այդ ժամանակահատվածն օգտագործելով իր դիրքը կարևորելու համար: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը հայտարարեց, որ լավ ծանոթ է «Լուսավոր Հայաստան»-ի գործելաոճին, այն է.
«Ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են ինչ-որ պայմաններ դնել ու պատճառների բերումով այդ պայմանավորվածությունից խուսանավել»։
Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ «Լուսավոր Հայաստանն» ու մյուս ընդդիմադիր կուսակցություններն իրականում չեն ուզում արտահերթ ընտրություններ, որովհետև գիտեն, որ իրենցից շատերը չեն ընտրվելու
Նա նաև տեղեկացրեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված հստակություն չկա: Սիմոնյանը հայտարարեց՝ ժամկետների մասին քննարկում է տեղի ունենում, ուզում ենք, որ դրանք նաև ընդդիմադիր ուժերին հարմար լինեն։
«Կան նաև ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր։ Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է փոխվի: Հիմա մենք պետք է քննարկենք ու հասկանանք՝ որն է այսօր ավելի կարևոր, այսինքն՝ կարո՞ղ ենք ընտրությունները հետաձգել ու նոր օրենսգրքով անել, թե՞ շուտ անենք ընտրությունները՝ հին օրենսդրությամբ: Սրանք հարցեր են, որ քննարկում ենք մեր գործընկերների հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են ընտրություններին»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ, քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







