Վերջերս Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցի ընթացքում մի շարք խնդրահարույց ձևակերպումներ է արել. դրանցից մեկը վերաբերվում էր գերեվարված անձանց: Տրամաբանորեն մեզ համար այդ ձևակերպումներն ընդունելի չեն, անկախ կարգավիճակից բոլորը ենթակա են վերադարձի: Այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարին հարց ուղղեց իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Տեղյակ եք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործում է միջգերատեսչական հանձնաժողով և յուրաքանչյուրս մեր ոլորտով շուրջօրյա կատարում ենք մեր աշխատանքները՝ այդ թվում նաև ԱԳՆ-ն:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին մենք արտահայտել ենք մեր կարծիքը, որն ամբողջովին համընկնում է հարցում արտահայտված կարծիքին: Հումանիտար այս կարևոր հարցի քաղաքականացումն անընդունելի է, ինչը նաև հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից:
Տարբեր երկրների ղեկավարներ և միջազգային կառույցներ ավելացնում են միջազգային ճնշումն այս հարցում: Երեկ Իտալիայի խորհրդարանը ևս ընդունել է բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ հումանիտար այս կարևորագույն հարցին»,- պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Իսկ թե ինչ դիվանագիտական խողովակներ են օգտագործվում գերիների հայրենադարձման համար, Այվազյանը տեղեկացրեց՝ խողովակները բազմաթիվ են, սակայն գլխավոր խողովակը ռուսաստանյանն է: Այվազյանն ընդգծեց՝ ռուսական կողմը հետևողականորեն հարցը բարձրացնում է ադրբեջանական կողմի առջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







