Բաղրամյան պողոտայում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով:
Նշենք, որ այսօր խորհրդարանում տեղի է ունենալու ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Հիշեցնենք, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը:
Վարչապետն այս հայտարարությունը որակեց ռազմական հեղաշրջման փորձ և դիմեց նախագահին՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առաջարկով:
Նախագահը չստորագրեց վարչապետի միջնորդագիրը և առարկություններով վերադարձրեց նրան: Փաշինյանը դա երկրորդ անգամ ուղարկեց նախագահին:
Չորեքշաբթի օրը Նախագահը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ, որում ասաց, որ որոշում է կայացրել չստորագրել Օնիկ Գասպարյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը:
Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանն ասաց, որ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, առանձին դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



