Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է ապամոնտաժել ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Երևանում գտնվող առանձնատան պարսպի մի մասը։ Մարությանը որոշումը ստորագրել է փետրվարի 25-ին: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Նախկին պատգամավորի առանձատունը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Դալմայի այգիների վերջնամասում։ Առանձնատան հարևանությամբ կառուցապատում իրականացնող «Լույսեր» ՓԲ ընկերութան հիմնադիր Խաչիկ Սահակյանը «Թեժ գծի» միջոցով ահազանգել է քաղաքապետարան, ինչից էլ սկիզբ է առել գործընթացը։
Ի դեպ, այս ՓԲԸ-ն պատգամավորի առանձնատան հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցում, որի շինթույլտվությունը Արկադի Համբարձումյանը վիճարկում է դատարանում։ Մինչ այդ էլ փորձել էր ինքը արգելել շինարարությունը, որից հետո «Լույսեր» ՓԲԸ-ն հայտարարություններով հանդես եկավ, որ խոչընդոտվում է ներդրումային ծրագիրը։ Այնուհետև վեճը տեղափոխվեց իրավական դաշտ։
«Թեժ գծին» ահազանգելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է տեղատեսություն և փաստաթղթային ուսումնասիրություն։
Պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ. 135/10 հասցեներին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, փաստացի օգտագործվում ու տիրապետվում է Երևան համայնքին պատկանող հողամաս, որը ծանրաբեռնված է քարե պարսպով, մետաղական ցանկապատով և ուղեփակոցով:
Կազմվել է արձանագրություն և սկսվել է վարչական վարույթը, որի ընթացքում էլ հաստատվել է, որ քննարկվող հողամասը գտնվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի /6-11 կետեր/ սահմանափակումների ցանկում։ Հետևաբար այն ծանրաբեռնող շինությունը ենթակա չէ օրինականացման։ Այս գործընթացին զուգահեռ Արկադի Համբարձումյանը դիմել է քաղաքապետարան, խնդրել, որ օրինականացնեն պարիսպը՝ ընդունելով, որ այն իր կողմից է կառուցվել։ Քաղաքապետարանը մերժել է նախկին պատգամավորի խնդրանքը։
Մի շարք իրավական ակտեր վկայակոչելով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չօրինականացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ.135/10 հասցեներին կից ինքնակամ կառուցված քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը:
Մարությանն իր որոշմամբ հանձնարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, քաղաքապետարանի երկու վարչության օժանդակությամբ, քանդել ինքնակամ կառուցված քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը և ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
Ոստիկանությանն էլ առաջարկել է քանդման ժամանակ ապահովել հասարակական կարգը։ Ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձեն Արկադի Համբարձումյանից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







