Կայացավ GovTech Launchpad սփյուռքի և Հայաստանի ստարտափների ծրագրի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Intothe.tech, My Roomy և TeachSurfing ստարտափների թիմերը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
«Ժյուրիի կազմում էին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Embry Tech ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Սարգիս Կարապետյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարճեանը, Հայաստանի վերափոխման ռազմավարական թիմի ղեկավար Հակոբ Աբրահամյանը և մեր գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ծրագրի ղեկավար Մարգարիտա Բաղդասարյանը։
Գլխավոր հանձնակատարը հատուկ շնորհակալություն հայտնեց Impact Hub Yerevan և GIZ ընկերություններին ծրագիրը համատեղ իրականացնելու, ինչպես նաև մենթորներին և գրասենյակի թիմին ներդրած ջանքերի համար։
Ներկաներին վիդեոուղերձով ողջունեց նաև Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը:
Թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց նորարար ծրագրերը, որոնք հեշտացնելու են հայրենադարձվելու որոշում կայացրած մեր հայրենակիցների ինտեգրման գործընթացը։ Հարցուպատասխանի փուլից հետո ժյուրին ընտրություն կատարեց:
Հաղթող ճանաչվեց TeachSurfing ընկերությունն իր ConnectArmenia-ArmeniaConnect ստարտափով, որի հետ և հետագայում համագործակցելու է մեր գրասենյակը։
Մյուս ստարտափները անակնկալներ ստացան: My Rommy ստարտափի թիմը հնարավորություն կունենա հետագա ինքնուրույն զարգացման համար ստանալ Րաֆֆի Քասարճեանի մենթորությունները, իսկ Intothe.tech-ը իր ստարթափի նոր ներդրողներ գտնելու համար աջակցություն կստանա»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







