ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է կրկին այցելել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը՝ այս անգամ հանդիպում ունենալով Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի կոլեկտիվի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:
«Ներկաները ողջունել են նման նախաձեռնությունը և ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աջակցությունը՝ կենտրոնը նորից կյանքի կոչելու և երեխաների ստեղծագործական կյանքի նոր վերածնունդն ապահովվելու գործում:
Կենտրոնում ընգրկված են ոչ միայն Հադրութի, այլև Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բալիկները:
«Մեծ և անգնահատելի է կենտրոնի դերը հետպատերազմյան փուլում նոր սերունդներին գեղագիտական դաստիարակություն տալու, ազգայինը սերմանելու, հոգևոր, մշակութային և պատմական արժեքները քարոզելու և պահպանելու գործում»,-իր խոսքում նշել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հույս հայտնել, որ առաջիկայում երեխաները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնելու կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառքին:
Օգտվելով առիթից` Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանին՝ նման հնարավորություն ընձեռնելու և շտաբի ներսում կենտրոնին նույնպես տեղ հատկացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







