Երեկ՝ հունվարի 24-ին, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։ Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, որոնք տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը, և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:
Նախնական տվյալներով՝ 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:
Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրաիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:
Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







