Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամ գումարը կուղղվի Ստեփանակերտին։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։
Գումարներով կվերականգնվեն Արցախի մայրաքաղաքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքները և օբյեկտները։
Ավագանու ԲՀԿ-ական անդամ Միքայել Մանրիկյանն իր հերթին առաջարկեց Ստեփանակերտին աջակցելու նպատակով որոշակի գումարներ փոխանցել նաև ՀՈԱԿ-ներին հատկացված բյուջեի միլիարդավոր դրամներից:
Քաղաքապետի տեղակալը նշեց, որ հետագայում էլ նախատեսվում է լրացուցիչ միջոցներ հատկացնել Երևանի բյուջեից:
Հիշեցնենք, որ Հայաստանում ժամանակավորապես հաստատված արցախցիները վերադառնում են։ Այսօրվա դրությամբ՝ ևս 1300 արցախցիներ վերադարձել են հայրենի բնակավայրեր։
Հիշեցնենք նաև, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները։ Անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







