Ուսումնասիրվում են թշնամու կողմից ֆոսֆորային զենքի կիրառման հետևանքով Արցախի բնությանը հասցված էկոլոգիական վնասի չափերը: Այս մասին նոյեբերի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ավելացրել է, որ քանի որ մարտական գործողությունները շարունակվում են, ինչ-որ ամփոփիչ բան ասել հնարավոր չէ:
Արծրուն Հովհաննիսյանը նաև կոչ է արել հաջողություններից ավելորդ էյֆորիայի չտրվել, որովհետև ծանր պատերազմը շարունակվում է: Եվ ընդհակառակը, որոշակի անհաջողությունները, դիրքերի կորուստը այս կամ այն տեղամասում ճակատագրական չեն և տրամադրության անկման պատճառ չպիտի դառնան:
«Մեր զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, օր օրի ուժեղանում են: Մեր ժողովուրդը, պետությունը ոտքի է կանգնել, Սփյուռքն ամեն ինչով օգնում է և մենք միանշանակ հաղթելու ենք»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1168 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







