Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կիրակի օրը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարարը: Այս մասին հայտնում է РИА новости-ն։
«Ես ժամանել եմ նախագահի հանձնարարությամբ և հրահանգով։ Դուք օրական առնվազն երկու անգամ խոսում եք նրա հետ, բայց ես դեռ Ձեզ եմ փոխանցում նրա ողջույնը։ Մենք նախագահի հանձնարարությունն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և գործել համատեղ։ Մեր պաշտպանության նախարարը, այլ ընկերները, Բինալի բեյ (Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յիլդիրիմ – խմբ.) նույնպես կժամանեն. Խորհրդարանի նախագահն այստեղ է», — Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1168 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







