Արցախից Հայաստան տեղափոխված բնակիչները՝ փոքրից մեծ, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց պահանջում են, որ միջազգային կառույցները համարժեք արձագանքեն Արցախում թուրք- ադրբեջանական ագրեսիային։
«Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն իջնի և հանդիպի մեզ հետ։ Ուզում ենք մեր ձայնն աշխարհով մեկ լսելի դարձնել։ Աշխարհում մարդասիրական ոչ մի բան չի մնացել, գերտերություններին ու միջազգային կառույցներին միայն իրենց շահերն են հետաքրքրում։ Այս պահին մեր միակ միջոցը չլռելն է։ Մենք պետք է այնքան աղաղակենք, որ միջազգային կառույցներն աչքները բացեն»,- ասաց Արցախի բնակչուհին։
Բողոքի ակցիայի մասնակիցները «Կույր մի եղեք», «Ալիև- Էրդողան ահաբեկիչ», «Արցախի անկախության ճանաչում» պաստառներով փորձում են աշխահի ուշադրությունը հրավիրել Արցախի վրա, որտեղ օրեր շարունակ մեր հայրենակիցները կենաց ու մահու կռիվ են տալիս Ադրբեջանի և ահաբեկիչների դեմ։
Իսկ փոքրիկ արցախցիները վանկարկում են՝ «դուրս եկեք», որպեսզի ՄԱԿ-ի գրասենյակից որևէ ներակայացուցիչ իջնի և լսի արցախահայության պահանջները։ Արցախցիներն իրենց տուն վերադառնալ են ուզում։
«Աշխարհը լռել է, մենք պահանջելու ենք, սովորեցնելու ենք, որ աշխարհը խոսի։ Մենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչև ճանաչեն Արցախի անկախությունը»,- հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն պահանջով Հայաստանի մի խումբ քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







