Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը:
ԱԺ նախագահը նշեց, որ 3 ժամվա ընթացքում գլխադասային հանձնաժողովը գրավոր առաջարկներ կընդունի, այնուհետև կքննարկի առաջարկները, որից հետո միայն ԱԺ լիագումար նիստում օրինագիծը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Նշենք, որ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ էր գումարվել: Օրակարգում մեկ հարց է՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից 24 ժամվա ընթացքում:
Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:
ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ և մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների համալիր գնահատումն ու դրա հիման վրա համայնքների և շահեկից այլ գերատեսչությունների հետ՝ ինչպես առողջապահական համակարգը, կրթական համակարգը և այլն, սերտ համագործակցությամբ՝ տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և այլ համալիր ծառայությունները:
ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության իրականացման նպատակով մշակվել և 2020 թվականի մարտի 4-ին ընդունվել են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-97-Ն, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-98-Ն, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՕ-99-Ն և «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-100-Ն ՀՀ օրենքները: Նշվում է, որ շրջանառված ենթաօրենսդրական ակտերի քննարկման արդյունքներով առաջացել են խնդիրներ՝ նոր ստեղծվող կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաև վերոգրյալ կառուցվածքային փոփոխությունները հնարավորինս սահուն իրականացնելու հարցում՝ հաշվի առնելով միավորվող կառույցների կողմից հանրությանը մատուցվող սոցիալական ծառայությունների ծավալն ու բովանդակությունը և մատուցվող ծառայությունները բնակչության համար անխափան իրականացնելու հրամայականը:
Նախագծով առաջարկվում է՝
1. Կատարել փոփոխություններ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքում՝
1) ՀՀ կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն, ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով,
2) նորաստեղծ Համալիր սոցիալական ծառայության պաշտոնները մինչև օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը, զբաղեցնել ժամկետային աշխատանքային պայմանագրով:
2. Կատարել լրացում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքում՝ Նախարարությանը ենթակա մարմինների ցանկում ավելացնելով նոր կառույց՝ Համալիր սոցիալական ծառայությունը:
3. Կատարել փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-98-Ն, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՕ-99-Ն եւ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-100-Ն ՀՀ օրենքներում՝ դրանց ուժի մեջ մտնելու ժամկետը, 23.09.2020թ-ի փոխարեն, սահմանելով 01.01.2021թ-ը (քանի որ այս օրենքներն ընդունվել են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքի հետ՝ միասնական փաթեթով):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



