Հայաստանի խորհրդարանը սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ինչպես հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, օրինագծով նախատեսվում է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն: Նա նշել է, որ ներկայումս տարածքային կառավարման նախարարության կողմից երկրի ամբողջ տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքներն ապահովված կլինեն որակյալ, մատչելի և արդյունավետ տրանսպորտային սպասարկմամբ:
Նախատեսվում է միասնական տոմսավորման համակարգի և ինտերակտիվ քարտերի ներդրում: Նշվում է, որ ընկերությունն իր գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների` Երևանի «Կենտրոնական» և «Հյուսիսային», Գյումրիի և Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաև մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների և 17 երթակարգավարական կետերի միջոցով: Այս համատեքստում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները չափազանց կարևոր են լինելու, ուստի ընկերության ավտոկայանների արդիականացման համար կառավարության աջակցությամբ ներդրվելու են միջոցներ։ Այդ իսկ պատճառով կառավարությունում պետական ընկերության կարգավիճակում ընկերության ամբողջականության պահպանումն ու գործունեությունը շատ կարևոր են համարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







