ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ մյուս պատգամավորներին կրթական բարեփոխումների առնչությամբ բանավիճելու առաջարկ եմ արել, բայց դեռևս արձագանք չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
«Քանիցս ասել եմ՝ աշխարհի որևէ երկրում կրթական բարեփոխումները հեշտ չեն տրվում։ Բնական է, որ կարող է լինել աղմուկ, բայց կարևոր է ասելիքը վերաբերի բովանդակությանը։ Շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից, որ մեր քաղաքական թիմը անցնում է դժվար ճանապարհով և թիրախավորել են ընկերոջս։ Արայիկ Հարությունյանը ունի մեր ֆրակցիայի լիակատար աջակցությունն այս առումով»,- ընդգծեց նա։
Հայրապետյանի խոսքով՝ առավելագույնն անելու են, որ առողջ քննադատությունը լսելի լինի կառավարության համար, և բոլոր մեխանիզմները գործի են դնելու դիսկուրս ստեղծելու նպատակով։
Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու որոշմանը, պատգամավորը նշեց, որ ծանոթ չի եղել ԿԳՄՍ նախարարի և Ջուլֆալակյանի միջև եղած տարաձայնությանը։
«Կան բազմաթիվ քննարկումներ, խնդիրներ մեր գործադիրի անդամների հետ, բայց քննարկումները գաղափարական են։ Կա առողջ աշխատանք, համագործակցություն՝ գործադիրի և օրենսդիրի միջև։ Պարոն Ջուլֆալակյանը հանդես է եկել հայտարարությամբ. ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել ավելին, քան հայտարարված է։ Հույս ունեմ՝ այդ որոշումը կփոխվի։ Արսեն Ջուլֆալակյանի հեռացումը օրենսդիր գործունեությունից վնասում է թե՛ ոլորտին, թե՛ մեր հանձնաժողովին։ Նա եղել և մնում է ոլորտի լավագույններից մեկը, ոչ ոք չի շահի նման որոշումից»,- ասաց նա:
Հայրապետյանը նշեց, որ անձամբ հորդորել է Արսեն Ջուլֆալակյանին փոխել ր որոշումը, քանի որ անձամբ տխրել է դրանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնելու պատգամավորական մանդատը: Ըստ նրա՝ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







