ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողություններին․ այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվում է, որ նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։
Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվեն աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։
Հաղորդվում է, որ իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել՝ նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Հարությունյանի հաջորդ կանգառը ՀՀ Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում կառուցված նախակրթարանը իր դռներն է բացել 30 սաների առաջ: Այս նախակրթարանը ևս՝ գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով, սպասում է իր փոքրիկ սաներին։
Նախարարությունից հայտնում են, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր։ Նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփել է Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում։ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունելու է 20 սանի: Հյուրերը, նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ, շրջել են խմբասենյակներով, եղել նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսել հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Նշենք, որ արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







