Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան չի հրաժարվի Արևելյան Միջերկրականում երկրաբանահետախուզական աշխատանքներից: Այս մասին հայտնում Է ТАСС-ը ։
Թուրք նախարարի խոսքով՝ Oruc Reis հետազոտական նավի վերադարձը Թուրքիայի տարածքային ջրեր չի նշանակում, որ Անկարան «հրաժարվել է Միջերկրական ծովի արևելյան մասում իր իրավունքներից»:
Աքարը նաև Հունաստանին մեղադրել է Միջերկրական ծովում կղզիների ռազմականացման մեջ: «Հունաստանը շարունակում է կղզիների ռազմականացումը։ Իսկ մենք հանդես ենք գալիս երկխոսության օգտին և ցանկանում ենք խնդիրները լուծել խաղաղ մեթոդներով»,- գործակալությունը մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարին։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ՆԱՏՕ-ի շրջանակներում Միջերկրական ծովի իրադրության շուրջ 4-րդ բանակցություններն անցկացնել Հունաստանի հետ:
Մինչդեռ ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ Հունաստանը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի կողմից գործնական ապաէսկալացիայի դեպքում նրա հետ շփման նոր փուլ սկսել:
Միցոտակիսի խոսքով՝ Oruc Reis-ի վերադարձը թուրքական տարածքային ջրեր առաջին դրական քայլն է։ Նա պարզաբանել է, որ, եթե Հունաստանը տեսնի լարվածության թուլացման ուղղությամբ գործողությունների օրինակներ, ապա Աթենքը պատրաստ է անհապաղ սկսել Անկարայի հետ զոնդավորման շփումների նոր շարքը, որոնք թուրքական կողմը խզել է 2016 թվականին:
Գործակալությունը նշում է, որ Marine Traffic մոնիթորինգային ծառայության տվյալների համաձայն՝ թուրքական Oruc Reis նավը սեպտեմբերի 13-ին՝ Միջերկրական ծովում երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտից հետո, վերադարձել է Թուրքիայի տարածքային ջրեր:
Հիշեցնենք, որ Միջերկրական ծովի արևելյան մասում իրադրությունը շարունակում է լարված մնալ՝ Միջերկրական ծովում էներգակիրների հետախուզման շուրջ Թուրքիայի և Հունաստանի տարաձայնությունների պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






