«Հրապարակ» թերթ
Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է դարձել. Ջուլֆալակյանը մանդատը դրել է վարչապետի հետ ընդհարումից հետո
«Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։ Ընդդիմության ակտիվանալու շեմին՝ թիմի անհնազանդներին հնազանդեցնելու գործընթաց է սկսվել։
Մեզ ասացին, որ Արսեն Ջուլֆալակյանը ցուցակից առաջին թռցրած «գլուխն» է։ «Փաշինյանի վրա մի ուրիշ կարգի ազդում էին Արսենի համարձակությունն ու ամբիցիաները, նրա հրապարակային քննադատությունները»,- ասաց մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ «մանդատը դրել է Փաշինյանի հետ զրույցից և ընդհարումից հետո»։
Առաջիկայում էլ Հակակոռուպցիոն հանձնաժողովը վարույթ կհարուցի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ․ նրա հայտարարագրում փաստական անճշտությունները ստուգել են, և ՊԵԿ-ին հարցում է արվել նշված «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամտի վերաբերյալ, ու պարզվել է, որ դրան համարժեք հարկ չի վճարվել»:
ՍԴ թնջուկի վերջը չի երևում. իշխանության սրտի թեկնածուն այլևս մերժելի է
«Սահմանադրական դատարանակազմության գործընթացի վերջը չի երևում։ ԱԺ-ն եկող շաբաթ կքննի ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված 3 թեկնածուների հարցը, որն ընդգրկված է սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք նստաշրջանի անդրանիկ քառօրյայի օրակարգում։
Տեղի կունենա քվեարկություն, սակայն, ըստ ամենայնի, խորհրդարանը կընտրի թեկնածուներից միայն մեկին՝ կառավարության առաջադրած Էդգար Շաթիրյանին։
Մեկ անգամ մերժված Արթուր Վաղարշյանին իշխող խմբակցությունն այս անգամ էլ կմերժի․ նրանք անգամ հանդիպում չնախաձեռնեցին թեկնածուի հետ, մինչդեռ հանդիպել էին մյուս երկուսին։
Իսկ Դատավորների ընդհանուր ժողովի ներկայացրած Երվանդ Խունդկարյանի հարցը գլխիվայր շուռ եկավ Հակակոռուպցիոն հանձնաժողովի բացահայտումներից հետո։ Իշխանության սրտի թեկնածուն, ով նաև ՍԴ ապագա նախագահի թեկնածու է, շատերի համար այլևս մերժելի է»:
Իշխանությունը կոնտրոլի տակ է պահում Կոտայքի մարզպետարանը, որ այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ
«Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։
Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով»՝ մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ։
Հիշեցնենք․ ԵԿՄ ղեկավարի փեսան՝ Վասակ Վարդանյանը, Կոտայքի փոխմարզպետն է։ Իշխանությունները մտադիր են «հակասասունական» թեկնածու դնել, որ մարզում բալանսը պահեն, և այն չդառնա Միքայելյանների կալվածքը։ «Որդին՝ քաղաքապետ, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում»,- ասաց իշխանության մեր աղբյուրը։
Իսկ սա նշանակում է, որ նոր մարզպետը լինելու է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»։
«Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը ևս մանդատը վայր կդնի
«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։
Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով, Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։ Ասացին՝ պաշտոն է ստանձնելու։
Թե ինչ պաշտոն՝ չհաջողվեց պարզել․ Փամբուխչյանն անհասանելի էր։ Հիշեցնենք, որ մինչև պատգամավոր դառնալը նա մոտ մեկ տարի տրանսպորտի փոխնախարար է եղել»:
Ով որ ճամբարում է հայտնվել
«Տարիներ առաջ երիտասարդ իրավաբանների մի թիմ հայտնվեց դաշտում, որոնք դատական համակարգն ու արդարադատության նախարարությունը բարեփոխելու ծրագիր ունեին։ Նրանք անգլերեն լեզվին էին տիրապետում, դրսերում կրթվել կամ վերապատրաստվել էին և Եվրախորհրդի ու միջազգային կառույցների հետ լավ շփումներ ունեին։
Թիմի առաջնորդը Դավիթ Հարությունյանն էր։ Այստեղ էին Հովհաննես Մանուկյանը, որը հետագայում արդարադատության նախարար դարձավ, Էդուարդ Մուրադյանը, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահն էր, Տիգրան Մուկուչյանը, որը նույնպես մի շրջան վերաքննիչ քաղաքացիականի նախագահ աշխատեց, ապա նշանակվեց ԿԸՀ նախագահ, Նիկոլայ Առուստամյանը՝ ԱՆ-ում վարչության պետ, Գևորգ Կոստանյանը՝ նախարարի խորհրդական, Արա Սաղաթելյանը՝ նախարարի խոսնակ և այլք։
Տարիներ անց այս մարդիկ հայտնվեցին տարբեր ճամբարներում և հակադիր կոնցեպցիաների կողմնակից են։ Դավիթ Հարությունյանն այսօր ընթացող իրավական բարեփոխումներին դեմ է․ նա ՀՀԿ ճամբարում է։ Իսկ Հ․ Մանուկյանն ու Է․ Մուրադյանը եռանդուն քարոզչություն են անում. հատկապես գերագույն դատարան ստեղծելու գաղափարն են առաջ տանում։
Հ․ Մանուկյանը, ասում են, նորից պաշտոն ստանալու մեծ հավակնություններ ունի, իսկ Մուրադյանը, ճիշտ է, Հունաստանում ձիթապտղի արտադրությամբ է զբաղված, բայց Ֆեյսբուքում ակտիվ գրառումներ է անում իրավական թեմաներով՝ պաշտպանելով իշխանությունների քաղաքականությունը»:
«Ժողովուրդ» թերթ
Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, նշել էր, թե 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613 հազար 62 աշխատատեղ: «2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թվականի հուլիսին:
Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը, այսինքն՝ այն աշխատավարձը, որ համախառն ստացել են բոլոր աշխատողները, այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով կամ 8.3 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին, և մեկ մարդու միջին աշխատավարձն ավելի է 13 հազար 841 դրամով կամ 7.14 տոկոսով», – նշել էր Փաշինյանը:
Միևնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 88 հազար 196 մարդ, ինչը 5376 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 5387 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 60 հազար 126 մարդ, ինչը 3117 մարդով կամ 4.9%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 7951 մարդով կամ 11.7%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Ստացվում է՝ Հայաստանում առկա է 613 հազար 62 աշխատատեղ, սակայն 88 հազար 196 մարդ աշխատանք է փնտրում, 60 հազար 126 մարդ էլ գործազուրկ է»:
Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով զբաղվում է Գևորգ Գորգիսյանը
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով հիմնականում զբաղվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին խորհրդարանում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, և հենց այդ քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունը անվստահություն է հայտնելու Արայիկ Հարությունյանին և որպես հիմք ներկայացնելու է հենց դեռ հուլիսի 3-ին ԱԺ կայքում հրապարակված հարցադրման պատասխանը:
Եվ, ահա, դրան զուգահեռ էլ պետք է ԼՀԿ-ի համակիրներն ու կուսակիցները բողոքի ակցիա անեն ԱԺ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Հենց այդ հարցերով էլ զբաղված է Գևորգ Գորգիսյանը՝ ձգտելով այնպես անել, որ այդ օրը մարդաշատ լինի: Եվ ուշագրավ է, որ այդ օրը խորհրդարանում տեղի է ունենալու ավանդական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, և նախարար Հարությունյանը ևս խորհրդարան է գալու:
Նշենք, որ դեռ ամիսներ առաջ ընդդիմադիր խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն և բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց և փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն նրանք չեն համոզվել, և բանը հասել է անվստահություն հայտնելուն»:
Հայտնի է ՍԴ անդամների ընտրության օրը. թեժ նիստ է սպասվում
«Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին հավաքվել և նիստ է արել, սակայն Սահմանադրական դատարանի անդամների ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նախ նշենք՝ Սահմանադրական դատարանի անդամների ընտրության օրը հայտնի է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը կկայանա հենց սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկի առաջին օրը: Ընդ որում, երեք անդամների ընտրության հարցը քննարկվելու է նիստի ամենասկզբում, և քվեարկությունն էլ կկատարվի նույն օրը:
Ինչպես հայտնի է, մինչև այժմ բուռն քննարկումներ էին ընթանում հատկապես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածության շուրջ, ում մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մասով քննարկումները երեկ կրկին թեժ են եղել, և խմբակցությունը վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել. չի բացառվում, որ կոնկրետ այս թեկնածուի մասով ազատ քվեարկություն տեղի ունենա: Իսկ, ահա, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունն «Իմ քայլ»-ի համար ի սկզբանե էր տարօրինակ եղել, և երեկ որոշում է կայացվել դեմ քվեարկել նրան, և չնայած կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանի հարցը խորհրդարան հասավ միայն երկրորդ փորձից հետո, սակայն նրա հանդեպ դրական տրամադրվածություն է առկա, և նա միանշանակ կընտրվի այդ պաշտոնում:
Հավելենք, որ «Աժ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է կազմում: Այսինքն՝ այդքան պատգամավոր պետք է կողմ լինի թեկնածուին, որպեսզի նա դառնա Սահմանադրական դատարանի դատավոր: Այս պահին միանշանակ է, որ երեք թեկնածուներից ընտրվելու է Էդգար Շաթիրյանը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







