Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ կապված լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում գանձելու օրինագծի առնչությամբ:
Նշենք, որ այսօր ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:
Ըստ Ժուռնալիստների միության՝ այս նախաձեռնությունը գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007 թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, որտեղ հստակ ամրագրված է, որ պետք է սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի, անհրաժեշտ է ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից։
Միությունը դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ՝ Ալեն Սիմոնյանի այսօր առաջարկած Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծը, և կոչ է անում այն Ազգային ժողովի օրակարգ չմտցնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







