Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է կադաստրի կոմիտեի 2019 թ. և 2020 թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:
Մասնավորապես, 2019 թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝ ներկայում լրամշակման փուլում է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը: 2020 թ. իրականացվել է միջազգային Երկրատարածական տվյալների ստանդարտների ուղեցույցների կազմում և դրանց համապատասխան քարտեզագրական շերտերի ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ, որի զարգացման և կարիքների գնահատման ընթացքում նախատեսվում է ներդրնել նոր ծրագրային և սերվերային համակարգեր:
Առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրման շրջանակում որոշակիորեն կարգավորվել է օրենսդրական դաշտը, որով պայմանավորված՝ իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ կիրականացվեն գրանցման, տարածական տվյալների և արխիվի ոլորտներում: Կադաստրի կոմիտեի առցանց ծառայությունների մատուցման հարթակի (e-cadastre.am) վերագործարկմամբ բարելավվել է ծառայությունների մատուցման որակը, շարունակաբար պարզեցվում են առցանց դիմումների ներկայացման ընթացակարգերը. այժմ օրական ստացվող առցանց դիմումների քանակը հասնում է 300-400-ի:
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման հայեցակարգը: Մշակվում են հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնց հիման վրա կգործարկվի հասցեների միասնական համակարգի առցանց հարթակը: Այժմ իրականացվում են փողոցների տեղադիրքի և անվանումների ճշգրտման, թվայնացման, տվյալների բազայի ստեղծման աշխատանքներ, արդեն 8 մարզում դրանք ավարտվել են:
Իրականացվել են ՀՀ հողերի և դրանց բարելավումների գնահատումներ, տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում: Փոփոխված ժամանակացույցով իրականացվել են ՀՀ միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանմամբ և «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված միջոցառումները: Ավարտին են հասցվել Վաղարշապատ քաղաքի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները: Մշակվել և քննարկման է ներկայացվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. այժմ այն լրամշակման փուլում է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







