Իրանահայ կոմպոզիտոր 82-ամյա Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր։ Այս մասին հայտնում է «Զարթոնք» մեդիան։
Նշվում է, որ Ճգնավորյանն առաջին անգամ այս անվանակարգին արժանացել է մայիսին իրանական «Արվեստ հանուն խաղաղության» փառատոնում, որում 2019 թվականի մրցանակին էր հավակնում։
«Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին Իտալիայի մայրաքաղաքում։
Մրցանակը շնորհվում է ի պատիվ մեքսիկացի լրագրող Խավյեր Վալդեսի, որը «Ríodoce» պարբերականի հիմնադիրն էր և մի շարք լրագրողական մրցանակների դափնեկիրը՝ կազմակերպված հանցավորության ու թմրանյութերի վաճառքի մասին աշխատանքների համար։ Նա զոհվել է Մեքսիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Այս պարգևն ամեն տարի շնորհվում է առանձին անձանց և խմբերի, որոնք զբաղվում են խաղաղության հարցերով, մարդասիրական և բարեգործական նպատակներով։
Լորիս Ճգնավորյանը դասական երաժշտության ավելի քան 70 ստեղծագործության, 4 օպերայի և 6 սիմֆոնիայի հեղինակ է։
Կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության տեսության դասախոս Լորիս Ճգնավորյանը ծնվել է 1937 թվականին Իրանի Բորուջերդ քաղաքում։ Ղեկավարել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, եղել է նվագախմբի գլխավոր դիրիժորը (1990–2000)։ Այժմ բնակվում է Իրանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







