Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրան»` հղում անելով Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդին:
Նրա խոսքով` տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են համարվում: Նրանք հիմնականում օտարերկրացի աշխատողներ են:
Հիշեցնենք, որ լիբանանցիներն օրեր շարունակ իրենց բողոքն են հայտնում կառավարության դեմ և պահանջում իշխանությունների հրաժարականը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաժարական են ներկայացրել արդարադատության նախարար Մարի Կլոդ Նաջեմը, տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը և շրջակա միջավայրի նախարար Դամիանոս Կատարը, ինչպես նաև 8 պատգամավորներ:
Հիշեցնենք, որ երկրի ՆԳՆ տվյալներով` պայթյունի պատճառ է դարձել նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատը (2700 տոննա), ինչի բռնկման հետևանքով ավերվել է քաղաքի կեսը, ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի: Ավելի քան 6000 մարդ վիրավորվել են: Իսկ զոհերի թիվը գնալով աճում է, նրանց թվում 13 հայ կա, որոնք Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



