Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն այսօր ԱԺ-ում հանդիպում են պատգամավորների հետ։
ԱԺ պատգամավորները նշել են, որ հանդիպման նպատակն է լսել դիմորների ու նրանց ծնողների պահանջները՝ հանդիսանալու համար կամուրջ դիմորդների և կրթության նախարարության միջև։
Չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը նշել է, որ բուհական ընդունելության քննությունների կարգն ընդունվել և սկսել է գործել այս տարվա մայիսի 26-ից, իսկ դիմորդները հայտ սկսել են ուղարկել մայիսի 25-ից։
«Բուհական ընդունելության քննությունների կարգը հետադարձ ուժ չունի, և հետևաբար ԿԳՄՍ նախարարը և ԳԹԿ-ի աշխատակիցները թույլ են տվել խախտումներ։ Կրթության նախարարը նշում է, որ ապրիլ ամսից է ծանոթացնում նոր կարգին, այն դեպքում, որ կառավարությունը որոշում չի կայացրել։ Նախարարը ի՞նչ իրավունքով է ներկայացնում չընդունված կարգը, դա օրենքի խախտում է։ Մենք պահանջում ենք վերականգնել դիմորդների սահմանադրական իրավունքը՝ սովորել»,- ասել է հանդիպման մասնակից Բաբալյանը՝ նշելով, որ 87 դիմորդ լիազորագիր է տրամադրել իրենց փաստաբանական թիմին, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն դատական մարմիններում։
Հիշեցնենք, կառավարությունը փոփոխություն է մտցրել բուհական ընդունելության քննությունների կարգում՝ գերակա սահմանել առաջին հայտը, որի արդյունքում 15-19 միավոր ստացած մեծ թվով դիմորդներ դուրս են մնացել բարձրագույն ուսումնական հաստատությունների իրենց նախընտրած ֆակուլտետներից։
ԲՈՒՀ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների իրենց բողոքն արտահայտեցին հուլիսի 21-ից սկսած՝ տարբեր օրերին բողոքի ակցիաներ նախաձեռնելով ԳԹԿ-ի, Կրթության նախարարության, Ազգային ժողովի դիմաց, նաև նամակ հղելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց ակցիան չունի քաղաքական բնույթ, այլ միտված է իրենց կողմից սահմանված մի քանի պահանջների կատարմանը՝ բուհական ընդունելության քննությունների կարգի վերանայում, կրթության նախարարի հրաժարական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







