ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպումը կարող է կայանալ աշնան սկզբին։ Այս մասին հայտնում է «РИА новости» — ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ իր աղբյուրին։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 3+2 ձեւաչափով հանդիպումը կարող էր կայանալ աշնան սկզբին, եթե թույլ տան երկու պետությունների հարաբերություններում տիրող իրավիճակը եւ համաճարակի դինամիկան», — հայտնել է գործակալության աղբյուրը:
Նա նշել է, որ «շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են մշտական ռեժիմով»:
«Այժմ գլխավոր խնդիրն է լիցքաթափել իրավիճակը, որը բավական լարված է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանին եւ ակտիվացնել դիվանագիտական լուծման որոնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», — հայտարարել է աղբյուրը:
Գործակալությունը նաեւ նշել է, որ, ըստ աղբյուրի, հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն «կարող է անցնել ցանկացած վայրում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







