Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հուլիսի 27-ին Կիևում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքել է վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում իրենց քաղաքացիներին են հավաքագրում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Facebook-յան էջը։
«Հայաստանի դեսպանը զրուցակցին վերստին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը և կարևորել իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության հավասարակշռված մոտեցումը»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել դեսպան Սեյրանյանին՝ Ուկրաինայի հայ համայնքին ուղղված զսպվածություն ցուցաբերելու և սադրանքների չտրվելու հորդոր պարունակող ուղերձի համար: Նա հավելել է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ խաղաղորեն ապրում են Ուկրաինայում և «այսօր խիստ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը և կանխել հայկական ու ադրբեջանական համայնքների միջև առճակատումը»:
Դեսպանն իր հերթին զրուցակցին հաղորդել է, որ լարվածության հենց սկզբից Ուկրաինայի հայ համայնքը զսպվածություն է դրսևորել, ՈւՀՄ նախագահը և Ուկրաինայում ՀԱԵ հոգևոր առաջնորդը համապատասխան ուղերձներով դիմել են հայրենակիցներին:
«Զրույցի ընթացքում փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքեց վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ների կողմից տիրաժավորվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







