Հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի գործողությունների դեմ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ 7 ադրբեջանցի վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել էր, որ վիրավորներից չորսին հոսպիտալացրել են՝ հրապարակելով լուսանկարներ:
Կատարվածի առնչությամբ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմի սադրանքները:
Հայտարարության մեջ ասվում է. «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: Հաշվի առնելով իրադարձությունների հաջորդականությունը՝ ակնհայտ է, որ հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խափանելը նախապես պլանավորված էր և կազմակերպված բնույթ ունեցավ:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անընդունելի է համարում խաղաղ ցուցարաների դեմ բռնությունները»:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործ նախարարություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի գործողությունների դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







