ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաավիացիոն համալսարանում ներկայացվել են վերջին օրերին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները:
Լրագրողներին ցուցադրվել են ինչպես խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի բեկորները, այնպես էլ գրավված անօդաչու թռչող սարքերը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ցուցադրել են Ադրբեջանի ԶՈՒ ORBITER-2, ORBITER-3 անօդաչու սարքերը, Harop, Skystriker հարվածային անօդաչու սարքերը, որոնք շարքից հանվել են 2020 թվականի հուլիսին ռազմական գործողությունների ընթացքում:
Ցուցադրվել են նաեւ Hermes 180 և ThunderB անօդաչու թռչող սարքեր, որոնք ավելի վաղ չեզոքացվել էին Հայաստանի զինված ուժերի կողմից:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բացի վերջին երկու մոդելներից, ներկայացված մյուս բոլոր ԱԹՍ-ները չեզոքացվել են 2020 թ. հուլիսին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ ցուցադրված են ոչ բոլոր նմուշները, քանի որ դրանցից մի քանիսը ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից:
Հիշեցնենք, որ հուլիս 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանու կիրառմամբ փորձել են գրավել հայկական հենակետը:
Դրանից հետո ադրբեջանական կողմը ընդմիջումներով շարունակել է սահմանային գոտում և սահմանամերձ գոտում հայկական դիրքերի ու բնակավայրերի գնդակոծությունները: Ադրբեջանական զինուժը կիրառել է զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:
Մարտական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողների մասին: Ըստ Բաքվի տեղեկատվության՝ ադրբեջանական զինուժի կորուստները կազմել են 12 մարդ։
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է 14 ԱԹՍ՝ 10-ը հարվածային, 4-ը՝ հետախուզական, այդ թվում` իսրայելական Elbit Hermes 900-ը, որն արժե ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար, իսկ SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







