Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած համար 397 փոփոխությունը, որը կպարտադրի ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առանձին զեկույցներ կայացնել «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333-րդ կետով տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության մասին, ընդգրկվել է Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագծի ընդհանուր փաթեթում և քվեարկության կդրվի ամբողջ փաթեթով, որը չափազանց հավանական է դարձնում փոփոխության վերջնական հաստատումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով ամերիկահայ շրջանակներին:
Կոնգրեսական Փալոնի փոփոխության առաջարկով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի՝ անդրադառնալով ամերիկյան ռազմական օգնություն ստացող այն պետություններին, որոնք կարող են միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ իրականացրած լինեն ԱՄՆ-ի ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ հետո:
Այս զեկույցում ներառված կլինեն նաև մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ և լրացուցիչ քայլեր, որոնք կարող են ընդունվել՝ այս տեսակի խախտումները կանխելու համար: Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագիծը շուտով կդրվի քվեարկության:
Նշենք, որ օրինագծի շրջանակում ներկայացված են փոփոխությունների առաջարկներ՝ կապված Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







