ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խնդրել է Հայաստանից ներկրումներ իրականացնողներին, որոնք Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում դժվարություններ ունեն ապրանքների իրացման հարցում, կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ:
Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Դիվանագիտական ներկայացուցչության հետ կարելի է կապ հաստատել + 7 (966) 118-89-84 հեռախոսահամարով: Հաղորդվում է նաև, որ հնարավորություններ կան Մոսկվայում, Տուլայում, Վլադիմիրում, Դոնի Ռոստովում, Վորոնեժում և այլ քաղաքներում հայկական ապրանքների իրացման համար:
Բացի դեսպանատնից, հայ ներկրողները և անհատ ձեռնարկատերերը կարող են անվճար իրավաբանական օգնության համար դիմել հետևյալ կազմակերպություններին ՝ «АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա՝ +7 (929) 939 78 00, «ОМЕГА Групп» — +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27, Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի մասնաճյուղին կից հայ իրավաբանների ասոցիացիա — + 7 (966) 153-00-00։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին զգոն լինել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, չտրվել հնարավոր սադրիչ գործողություններին, ձեռնպահ մնալ չհամաձայնեցված ակցիաների մասնակցությունից/կազմակերպումից (առանձին անձանց կողմից), հայտնի իրադարձությունների հետ կապված պատասխան գործողություններից, ինչպես նաև մշտական կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության և համայնքային կազմակերպությունների հետ, ինչպես և նախկինում, թույլ չտալ ՌԴ օրենսդրության հնարավոր խախտումներ եւ զգոնություն պահպանել հասարակական վայրերում պահանջվող սանիտարահամաճարակաբանական նորմերի պահպանման նկատմամբ: Խնդրում ենք նաև առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ», — ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РБК-ին հայտնել էր, որ հուլիսի 18-ի երեկոյան Մոսկվայում և Ռուսաստանի այլ շրջաններում հայկական ապրանքների առաքման և առևտրի հետ կապված խնդիրներ այլևս չկան:
Ըստ դիվանագետի՝ Կալուգայի խճուղու մոտ գտնվող «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղիում արգելափակված հայկական արտադրանքով բոլոր 52 մեքենաները կարողացել են դուրս գալ այնտեղից, «մնացել է միայն մեկ՝ անսարքը»: Դեսպանը նաև հայտնել է, որ հուլիսի 19-ի գիշերը «Ֆուդ սիթի» է ժամանել հայկական արտադրանքի մի քանի բեռնատարներ և ապրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







