ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիի կողմից հայ — ադրբեջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարությանն ի պատասխան շնորհակալական գրություն եմ հղել վերջինիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Իր գրության մեջ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես ՆԱՏՕ-ի ղեկավարության խաղաղասիրական կոչերը։
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման մանդատը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը և պահանջում է բանակցային լուծում։ Հայաստանը դեմ է կոնֆլիկտի ռազմական ճանապարհով լուծմանը և ագրեսիվ հռետորաբանությանը։
Ցավով եմ ուզում նշել սակայն, որ հակառակ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական գործողությունները, այլև պետական մակարդակով սպառնում է միջուկային ահաբեկչությամբ թիրախավորել խաղաղ բնակչությանը, սա ոչ այլ ինչ է քան համամարդկային ու տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք»,-նշել է Քոչարյանը։
ԱԺ պատգամավորը հույս է հայտնել, որ միջազգային առաջատար կառույցների՝ խաղաղությանը միտված հայտարարությունները ի վերջո կստիպեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը սթափ գնահատել աշխարհի առողջապահական ծանր իրավիճակը և վերադառնալ բանակցային սեղան։
«Հարգարժան Պրն․ նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ճշմարիտ խոսքերի համար, հուսով եմ, որ համավարակից հետո մենք առիթ կունենանք անձամբ ծանոթանալու և համատեղ աշխատելու աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված հետագա քայլերի ուղղությամբ»,-ամփոփել է Անդրանիկ Քոչարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







