Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանին առաջացած լարվածության վերաբերյալ հարցեր:
«Նախարարին տեղեկացրել եմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սկսվելու հետ ՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների առնչությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նախարարին ծանոթացրել եմ նաև այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, այդ թվում` ուղղված Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգային հողի վրա կոնֆլիկտային դրսևորումները կանխելուն»,-գրել է Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունացման համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի ուղղությամբ իրադրությունը սրվել է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանու կիրառմամբ փորձել են գրավել հայկական հենակետը: Դրանից հետո ադրբեջանական կողմը ընդմիջումներով շարունակել է սահմանամերձ գոտում հայկական դիրքերի ու բնակավայրերի գնդակոծությունները: Ադրբեջանական զինուժը կիրառել է զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: ՀՀ ՊՆ-ն հայտնել Է մարտական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողների մասին: Ըստ Բաքվի տեղեկատվության՝ ադրբեջանական զինուժի կորուստները կազմել են 12 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







