Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների եւ դրանից բխող Հայաստանի ու Արցախի իշխանությունների ձեռնարկած քայլերի շուրջ «Armenia Today»-ը զրուցել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ։
-Հուլիսի 12-ից Ադրբեջանը զինված հարձակումներ է սկսել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ։ Ի՞նչ է սա նշանակում՝ Ադրբեջանը միտում ունի Հայաստանի Հանրապետությանը ներքաշելու արցախա-ադրբեջանական հակամարտության մե՞ջ, թե՞ այս հարձակումով Բաքուն այլ նպատակներ է հետապնդում։
-Ես չեմ կարծում, որ արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ այս հարձակումը Հայաստանի Հանրապետությանը ներքաշելու նպատակ ուներ, որովհետեւ այնպես չէ, որ Հայաստանն այս գործընթացի մեջ հակամարտության կողմ չի հանդիսանում։
Ի վերջո, Տավուշի սահմանին ադրբեջանական ոտնձգությունը առաջին դեպքը չէ։ Մենք բազմիցս ականատես ենք դարձել հայկական սահմանային բնակավայրերի վրա ադրբեջանական կողմի կրակոցների եւ տարբեր միջադեպերի՝ ընդհուպ մինչեւ գերեվարված մարդկանց դեպքերի։
Կարծում եմ, որ այս դեպքերը կապված են Ադրբեջանի ներքաղաքական, ավելի ճիշտ՝ սոցիալ-տնտեսական կյանքի հետ։ Ադրբեջանը փորձում է սեփական ժողովրդին շեղել սոցիալական այն հիմնախնդիրներից, որոնք կարող են լրջագույն դժգոհությունների պատճառ դառնալ Ադրբեջանում։
-Ի՞նչ գնահատական ունեն Արցախի իշխանություններն այս զարգացումների վերաբերյալ։
-Բնականաբար Արցախի իշխանությունները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։
Մենք գտնում ենք, որ նման գործողությունները միայն հեռացնում են արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լուծման հնարավորությունները։
-Թալիշի եւ Մատաղիսի որոշ ընտանիքներ տարհանվել են թիկունքային համայնքներ։ Ինչո՞վ էր պայմանավորված Արցախի իշխանությունների այս որոշումը, եւ հնարավո՞ր են հետագայում տարահանումներ այլ բնակավայրերից եւս։
-Որոշումը կայացվել է երեկ՝ Թալիշի, Մատաղիսի բնակիչների հետ Արցախի Հանրապետության նախագահի հանդիպումից անմիջապես հետո։
Հաշվի առնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունները՝ բնակիչները մտահոգություն են հայտնել, որ այդ իրավիճակը կարող է տարածվել նաեւ իրենց գյուղերի վրա։ Եվ քանի որ այդ գյուղերը գտնվում են սահմանամերձ գոտում՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդառաջել է նրանց ցանկությանը եւ ապահովության նկատառումներից ելնելով՝ որոշել նրանց տարհանել թիկունքային համայնքներ։
Միաժամանակ պետք է նշեմ նաեւ, որ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տիրում է հարաբերական հանգիստ եւ այս պահի դրությամբ մտահոգվելու որեւէ կարիք չկա։
-ՀՀ-ն եւ Արցախն անվտանգության նույն համակարգում են։ Ի՞նչ սկզբունքով է աշխատում պաշտպանության բանակն այս օրերին։
-Բնականաբար մենք չէինք կարող անտարբեր գտնվել։ Այս պահի դրությամբ պաշտպանության բանակն աշխատում է հատուկ ռեժիմով։ Առաջնագծում եւ Ադրբեջանի խորքային տարածքները դիտարկելու նպատակով կիրառվում են լրացուցիչ միջոցներ՝ վերահսկելու համար հակառակորդի բոլոր տեղաշարժերը։
Լուսինե Թևոսյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







