«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ որևէ վտանգավոր բան չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ քաղաքային վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատաքների ղեկավար, աշխատաքների մայոր Գևորգ Մնացականյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։
Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել են ռումբերի որոնման աշխատանքներ։
Տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







