Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանների, հայտնում են Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Համաձայն աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին, մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն և Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ խոսելով մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ տնտեսական դժվարությունների, պարենի անվտանգության խնդրի, վերջին շրջանում Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Սահմանադրության և սահմանադրական բարեփոխումների մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է այս թեմաների վերաբերյալ դիվանագետներին հետաքրքրող հարցերին:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Օգտագործելով առիթը՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցելու համար: Նշելով, որ ներկայումս բոլորի համար դժվար ժամանակներ են և դրանք շուտ չեն ավարտվելու՝ նախագահը կարևորել է փոխօգնությունը, համատեղ աշխատանքն ու ջանքերը: «Եթե միասին չաշխատենք, ապա կսահմանափակենք մեր հաջողությունները,— ընդգծել է նա։ —Շնորհակալություն մեր բարեկամության համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







